Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման համակարգը մեծ ռիսկեր է պարունակում խմելու ջրի համար, «Էկոլուր»-ին ասել է երկրաբանական գիտությունների թեկնածու  Ռուբեն  Յադոյանը:

Արարարտյան դաշտավայրի ստորգետնյա եւ արտեզյան աղբյուրների սպառումը թույլ չտալու համար կառավարության որոշմամբ ամենուրեք ձկնաբուծարանների համար ջրաչափեր տեղադրվեցին:  Սակայն, ըստ Ռուբեն Յադոյանի, եթե ջրօգտտագործողները շարունակեն օգտագործել հզոր պոմպեր, ապա խմելու ջուրը կդառնա ոչ պիտանի:

«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա,  վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց  խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն,  շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես,- ասում է Ռ. Յադոյանը:

Արարատյան դաշտավայրում ներկայումս գործում է 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում են մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների`միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում: