Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել ձեռք բերել դեղամիջոց, որը բաղկացած է մոնոկլոնալ հակամարմիններից, որոնք թույլ են տալիս վաղ փուլում խուսափել հիվանդության ծանր ընթացքից: Այդ մասին հաղորդում է Bild am Sonntag թերթը:

ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ Գերմանիան կդառնա եվրոպական առաջին երկիրը, որը կստանա այդ դեղամիջողը:

«Այո: Հաջորդ շաբաթից մենք Գերմանիայում կօգտագործենք մոնոկլոնալ հակամարմիններ»,-ասել է Շպանը:

Նրա խոսքով՝ երկիրն ընդամենը ծախսել է 400 միլիոն եվրո 200 հազար դեղաչափի համար: Նախարարը նշել է, որ առաջին հերթին դեղամիջոցը կօգտագործվի համալսարանական կլինիկաներում:

Ընդ որում՝ գերատեսչության ղեկավարը չի նշել արտադրողին եւ դեղմիջոցի անվանումը:

Աշխարհում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է ավելի քան 99,4 միլիոն վարակված, ապաքինվել է ավելի քան 71,4 միլիոն մարդ, իսկ ավելի քան 2 միլիոն պացիենտ մահացել է, հաղորդում է Գազետա.ru-ն: