Հայ-թուրքական մերձեցումը եւ արձանագրությունների հավանական ստորագրումը կարել է գնահատել որպես տեկտոնական տեղաշարժեր, որոնք վաղ թե ուշ պետք է տեղի ունենային։ Այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ եւ իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունների ձեւավորումը գնահատելով որպես «օրվա անհրաժեշտություն»: Նրա խոսքով, տարածաշրջանային գործընթացներում դա չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան այն, որ Թուրքիան տարանցիկ տարածք կդառնա Հայաստանի համար, որն էլ դրանից հավելյալ եկամուտներ կունենա։ Ի վերջո, ինչպես կարծում է քաղաքագետը, այս գործընթացի վերջնական արդյունքը կբավարարի բոլորին, այդ թվում՝ նաեւ Հայաստանին։ Թուրքիայի հետ սահմանների բացման դրական ձեռքբերումը, փորձագետի կարծիքով, հայկական կողմի համար կլինի տնտեսականը։ Երկիրը կարող է ի վերջո բեռնափոխադրումներ իրականացնել բավականին ցածր գներով՝ համեմատած վրացական բարձր գների։ Եւ այն, որ Հայաստանը կարող է օգտագործել Տրապիզոնի նավահանգիստները, բավականին մեծ շահ կբերի երկրին։
Սերժ Սարգսյանի Սփյուռքի գաղթօջախներ այցելության շրջանակներում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ հայ համայնքի բացասական արձագանքի եւ զանգվածային բողոքների կապակցությամբ Գեւորգյանը հայտարարել է, որ այդ ամենը բավականին սպասելի էր եւ բացատրվում է նրանով, որ հայ համայնքների ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, չեն գիտակցում իրավիճակի այն լրջությունը, ինչի մեջ հայտնվել է պետությունը։ Միաժամանակ նա նշել է, որ նման ծայրահեղ դիրքորոշումները միշտ կլինեն, թե՛ հայկական, եւ թե՛ թուրքական կողմերի ներկայացուցիչների մոտ։ «Կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ միեւնույնն է, պետք է համաձայնվենք»,-ասել է նա ու հավելել. «Ծայրահեղ մոտեցումը՝ միեւնույնն է, ոչնչի չի հանգեցնի։ Երբ մարդիկ չեն սիրում միմյանց, չեն վստահում, բայց միեւնույնն է, ինչ որ ձեւով գալիս են համաձայնության, դա ավելի արդյունավետ է ներգործում»:
Նրա խոսքով, Հայաստանը բոլոր պարագաներում ապահովել է իր անվտանգությունը: Նա հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, երկրում են գտնվում ռուս սահմանապահներ։
Մեկնաբանելով այն պնդումը, ըստ որի՝ երկու պետությունների մերձեցումն իրականացվում է ԱՄՆ-ի կողմից, քաղաքագետը պատասխանել է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր համաշխարհային քաղաքակրթության ճգնաժամ է, Ամերիկան սկսում է հիասթափվել, եւ ինչ որ կերպ ձգտում է վերափոխել իր արտաքին քաղաքականության ձեւաչափը, ինչը երեւում է նախագահ Օբամայի հայտարարությունից»:




























