Սիրիայի հայերը որեւէ մասնակցություն չունեն այդ երկրի որոշ քաղաքներում ընթացող բողոքի ակցիաներին: Այդ մասին NEWS.am-ին ասաց Մարինա Ասլանյանը, ով հայ-սիրիական կրթական համագործակցության շրջանակներում 7 ամիս սովորել է Դամասկոսի միջազգային ինստիտուտում: 30 հայ երիտասարդներից բաղկացած խումբը, հիմնականում պետհամալսարանի արեւելագիտական ֆակուլտետի ուսանողներ կամ շրջանավարտներ, Սիրիա էր գնացել արաբերեն սովորելու նպատակով: Խումբը 2 շաբաթ առաջ է վերադարձել Հայաստան:
Մ. Ասլանյանի խոսքով` սիրիական քաղաքների մեծ մասում իրավիճակը հանգիստ է, սակայն արեւմտյան լրատվամիջոցները` «Ռոյթերզ»-ը եւ BBC-ն, ուռճացնում եւ շատ հաճախ աղավաղում են տեղի ունեցածը: Եղել են դեպքեր, երբ եվրոպական ալիքներում կադրեր են ցուցադրվել այս կամ այն սիրիական քաղաքում ընթացող իբր արյունալի բախումների մասին, սակայն ականատեսները այդ օրը որեւէ նման բան չեն նկատել: Ըստ Մարինայի` երբեմն Եգիպտոսում կամ Թունիսում նկարահանված կադրերը արեւմտյան լրատվամիջոցներում ներկայացվում են որպես Սիրիայում նկարահանված:
Անշուշտ` Սիրիայում իրավիճակը հանգիստ չէ, սակայն Մարինան ասում է, որ համազգային ընդվզման մասին խոսելը ճիշտ չէ: Բողոքի ակցիաներում հիմնականում ընդգրկված են չքավորները, ինչպես նաեւ Պաղեստինից գաղթած արաբները, որոնք մինչ օրս չեն կարողացել ինտեգրվել սիրիական հասարակությանը:
Մարինայի վկայությամբ` Սիրիայում կենսամակարդակը բարձր է` նվազագույն աշխատավարձը 200 դոլար է, իսկ պարենի ու այլ ապրանքների գները ցածր են: Հայերը ողջ Սիրիայում շատ հարգված են, տեղացիների մոտ աշխատասեր եւ բանիմաց մարդկանց համբավ ունեն: Նրանցից շատերը կարողացել են բիզնեսում մեծ հաջողությունների հասնել:



























