Թուրքիայի հայ համայնքն, ըստ կարգի, իր քաղաքացիական պարտքն է կատարելու` մասնակցելով Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: Նա նշեց, որ տեղի հայ համայնքն ուշիուշով հետեւում է նախընտրական գործընթացներին եւ ընտրությունների օրը համարժեք վերաբերմունք կարտահայտի` կատարելով իր քվարկությունը: Իսկ թե հատկապես ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած` մեկ տասնյակից ավելի ո՞ր քաղաքական ուժերին կտա նախապատվությունը` Գոչունյանը  դժվարացավ ասել:

Նա նշեց, որ թուրքական որոշ քաղաքական ուժերի կողմից ժամանակ առաջ արված հայտարարությունները, թե հնարավոր է` նախընտրական ցուցակում ներգրավվեն նաեւ հայազգի թեկնածուներ, հանդուրժողականության որոշակի մթնոլորտ ստեղծեցին, ինչը, սակայն, իրականում քարոզչական քայլ էր: «Ժամանակ»-ի խմբագիրը դժվարացավ կանխատեսել, թե ինչ քաղաքական պատկեր կուրվագծվի ընտրությունների արդյունքում, սակայն նշեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ղեկավարած` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ձգտելու է քաղաքական մեծամասնություն կազմել ապագա խորհրդարանում` ստանձնել մանդատների 2/3-ը, որպեսզի կյանքի կոչի իր քաղաքական ծրագրերը:

«Այդ ծրագրերի թվում նախեւառաջ կնշեի նոր Սահմանադրության ընդունումը, որը կուժեղացնի էրդողանի եւ նրա վարչակազմի իշխանությունը»,-նշեց Գոչունյանը:

Նա նաեւ հավելեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարեւոր նշանակություն կարող են ունենալ նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների համար, քանի որ այն ուժը, որն ամուր դիրքեր կունենա  խորհրդարանում, հաջողություն կունենա նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ:

Արա Գոչունյանը անդրադարձավ նաեւ ժամանակ առաջ` մայիսի 31-ին, Հոպայում տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանական ուժերը դաժան ծեծի էին ենթարկել եւ ձերբակալել Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին, իսկ ոստիկանության բիրտ գործողությունների հետեւանքով մեկ մարդ մահացել էր:

«Դատապարտելի է իրենց բողոքն արտահայող քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի կիրառումը: Դա հակասում է մարդու իրավունքներին ու ազատություններին»,-նկատեց Գոչունյանը` հավելելով, որ այդ միջադեպն իր բացասական ազդեցությունը կթողնի ընտրությունների արդյունքների վրա:

Հիշեցնենք, որ Թուքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 12-ին: Հիմնական պայքարն ընթանալու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջեւ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վկայակոչելով  անցկացված հարցախույզերի արդյունքները, հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կստանա ձայների 40-50%-ը: