Այսօր` հոկտեմբերի 10-ին հայկական պատվիրակությունը, որի կազմում են պաշտոնյաներ ու լրագրողների, ժամանել է Ցյուրիխ եւ տեղավորվել 1835 թվականին կառուցված Claridge Hotel Zurich հյուրանոցում:
Ինչպես Ցյուրիխից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին, Ցյուրիխի համալսարանում: Դրանից զատ, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ով նույնպես մասնակցելու է ստորագրման արարողությանը:
Հիշեցնենք, որ NEWS.am-ն արդեն հաղորդել էր, թե Շվեյցարիայի ԱԳՆ-ն երեկ ուշ երեկոյան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ հստակեցրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամկետն ու վայրը: Ըստ այդմ, ստորագրման արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն իրենց ստորագրությունները կդնեն նախաստորագրված փաստաթղթերի տակ: Ստորագրման արարողությունը պաշտոնապես տեղի է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի ներկայությամբ:
Արարողությանը ներկա են գտնվելու նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրամիության խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:




























