Թերթը գրում է, որ օրերս խմբագրություն էր եկել Տերյան 11/14 հասցեում բնակվող Գրիգոր Ղուկասյանը` ներկայացնելու իր եւ իր ընտանիքի նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վերաբերմունքը «Միլենիում Քոնստրակշն» ընկերության կողմից:
Վերջինս իրացման գոտի ճանաչված այդ տարածքի կառուցապատողն է եւ Ղուկասյանների բնակարանի դիմաց նրանց առաջարկում է 6,8 մլն դրամ փոխհատուցում, ինչի մասին որոշում է կայացրել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը:
Դրա հետեւանքով Գրիգոր Ղուկասյանի 6-հոգանոց ընտանիքը, այդ թվում` նորածին երեխայի, անկողնային հիվանդ թոշակառուի եւ բանակում ծառայող երիտասարդի առկայությամբ, կհայտնվի ուղղակի փողոցում: Նշված գումարով նրանք չեն կարող անգամ Երեւանի հեռավոր թաղամասերում մեկսենյականոց բնակարան ձեռք բերել:
Գրիգոր Ղուկասյանն ընդունում է, որ իր ընտանիքի բնակեցրած տարածքի սեփականության իրավունքի վկայական չունի, բայց հայցում է պետության «բարեխղճությունն ու գթասրտությունը», հուսալով, որ բավարար փոխհատուցում կամ բնակմակերես կտրվի իր բազմանդամ ընտանիքին:



























