Ռուպերտ Մերդոկին պատկանող News of the World տաբլոիդի լրագրողներն ի թիվս այլոց գաղտնալսել են նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բելերին եւ արքայազն Ուիլյամի` այն ժամանակ դեռ հարսնացու Քեյթ Միդլթոնին, գրում է The Guardian-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին ամիսներին մի շարք դերասաններ, երաժիշտներ, կառավարության նախկին անդամներ եւ նույնիսկ նախկին վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել էին, թե հնարավոր է, որ իրենց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են:

Մայիսին դատարան ներկայացվեց դերասան Ջուդա Լոուի գործը` Մերդոկի թերթի գաղտնալսման վերաբերյալ:

Դրանից  հետո  News of the World-ի հրատարակիչ News International ընկերությունը  ներողություն խնդրեց  թերթի աշխատակիցների կողմից քաղաքական գործիչների, դերասանների, մարզիկների եւ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար:

Վերջին շաբաթներին ձերբակալվել են  News of the World-ի մի քանի լրագրողներ:   Guardian-ի փոխանցմամբ` News of the World –ը կարող էր գաղտնալսել մոտ  6  հազար մարդու: