Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից պատրաստված` Սիրիայի հարցով բանաձեւ նոր տարբերակն, ըստ փորձագետների, մի փոքր մեղմացվել է: աստորեն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանաին զիջում են արել Ռուսաստանին, որպեսզի վերջինս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ վետո չդնի բանաձեւի վրա:

Ի տարբերություն բանաձեւի նախկին տարբերակի, այստեղ նշվում է, որ «ճգնաժամից դուրս գալու միակ հնարավոր ելքը բացառում է օտարերկրյա ուղիղ միջամտությունը հակամարտությանը», գրում է Gazeta.ru-ն:

Բանաձեւի նախագիծը դատապարտում է Սիրիայի կառավարությանը` բողոքի ակցիաները դաժանաբար ճնշելու համար: Ի տարբերություն Լիբիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի, այս փաստաթուղթը չի նախատեսում ռազմական գործողությունների իրականացում Սիրիայի իշխանությունների դեմ կամ պատժամիջոցների կիրառում: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոներն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է բանաձեւի նոր տարբերակը:

«Մեծ ութնյակի» գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կտրականապես դեմ է հանդես եկել Սիրիայի հարցով բանաձեւի ընդունմանը, ընդգծելով, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը լավագույն ելքը չէ, ինչի վկայությունը Լիբիայում առկա իրավիճակն է: