«Սերբիայի եւ Ադրբեջանի միջեւ կան ընդհանրություններ: Այստեղ խոսքը գնում է ղարաբաղյան եւ կոսովյան խնդիրների մասին: Սերբիայի Հանրապետությունը Ադրբեջանի պառակտման կողմնակիցը չէ, կտրուկ դեմ է դրան եւ ճանաչում է Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի անդամի, իր տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը` ելույթ ունենալով Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում:
Տադիչը նաեւ երախտագիտություն է հայտնել Ալիեւին «այն դիրքորոշման համար, որ ունեն Կոսովոյի հարցում»:
«Միաժամանակ մենք նշեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Սերբիան` Ադրբեջանի: Կարծում ենք, որ այդ սկզբունքները կարեւոր, հիմնարար սկզբունքներ են: Իրականում, դրանք շատ կարեւոր են նաեւ մեր երկրների համար»,- ասել է նա:
Նշենք, որ Ալիեւը Սերբիայում է գտնվում պետական այցով:




























