Գերմանիան «բարձր է գնահատվում» որպես ամերիկյան զինվորների բազա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հետ զրույցի ժամանակ:
Անցյալ տարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր ավելի քան 25%-ով կրճատել Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զորախումբը:
Գերմանացի պաշտոնյաները հույս ունեին, որ հրամանը չեղյալ կհամարվի նոր վարչակազմի կողմից, եւ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զրույցի ընթացքում Օսթինն «ընդգծել է, թե Գերմանիան բարձր է գնահատվում՝ որպես կայան, եւ որ ամերիկացի զինվորներն այստեղ իրենց շատ հարմարավետ են զգում»:
«ԱՄՆ-ը շարունակում է իր ներկայությունը Գերմանիայում դիտարկել որպես համատեղ անվտանգության կարեւոր մաս»,- ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Գերմանիայում տեղակայված են շուրջ 34 500 ամերիկյան զինծառայողներ, այդ թվում՝ ամերիկյան առանցքային ռազմաբազաները, ինչպիսիք են Ռամշտայնի ավիաբազան եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր գրասենյակը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օսթինը «շնորհակալություն է հայտնել Գերմանիային այն բանի համար, որ նա շարունակում է գերազանց հյուրընկալող լինել ԱՄՆ ուժերի համար, եւ ցանկություն է հայտնել Գերմանիայում շարունակել ԱՄՆ դիրքերի վերաբերյալ երկխոսությունը»:
Կողմերը քննարկել են նաեւ մի շարք այլ հարցեր, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ Աֆղանստանում ու Իրաքում անվտանգության ոլորտի իրավիճակը:
Պենտագոնը հայտարարել է, որ Օսթինը ցանկանում է «ամրապնդել այն նշանակությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է ՆԱՏՕ-ում մեր ամենամոտ դաշնակիցներից մեկի հետ երկկողմ ռազմական հարաբերություններին»:





























