Լեհական Тygodnik Powszechni շաբաթաթերթը գրում է, որ այսօր Ցյուրիխում Հայաստանն ու Թուրքիան ստորագրելու են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Ըստ շաբաթաթերթի՝ օգոստոսի 31-ին նախաստորագրված երկրորդ արձանագրությունը` «Երկկողմ հարաբերությունների զարգացման» վերաբերյալ, պետք է ստորագրվի 4 օր հետո՝ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից անմիջապես առաջ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի Թուրքիայում:

Պարբերականի պնդմամբ, այդ արձանագրությունը Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր է, քան առաջինը, քանի որ 1993 թվականից փակված սահմանի բացումը Հայաստանի համար նշանակում է դուրս գալ մեկուսացումից եւ զարգացնել առեւտուրը: Թերթը նախազգուշացնում է, որ եթե այդ փաստաթղթերը ստորագրվեն, մինչեւ վավերացումն ընկած ժամանակահատվածը ուղեկցվելու է վեճերով ու քննադատությամբ: Իսկ եթե այնուամենայնիվ այդ գործընթացը հաջող ավարտ ունենա, երկու երկրներն էլ կկանգնեն ավելի բարդ խնդրի առաջ. Պատմական, այդ թվում՝ Օսմանյան կայսրության ժամանակ հայերի զանգվածային սպանությունների, ինչպես նաեւ ԼՂ խնդրի հետ կապված: