Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կիրակի հիմնել է Տատիկների, Պապիկների եւ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետեւորդ տարեցների համաշխարհային օրը, որը կնշվի տարին մեկ անգամ՝ որպես տարեց մարդկանց նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու եւ հասարակության համար նրանց կարեւորությունն ընդգծելու օր, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանցիսկոսը, իր կիրակնօրյա ուղերձում անսպասելի հայտարարություն անելով, նշել է, որ այդ օրը կնշվի յուրաքանչյուր հուլիսի չորրորդ կիրակի ամբողջ աշխարհի կաթոլիկ համայնքներում:
Կաթոլիկ եկեղեցին իր օրացույցում արդեն ունի Խաղաղության համաշխարհային օրը, որը Հռոմի Պապ Պողոսը հիմնել է 1967 թվականին, Երիտասարդների համաշխարհային օրը, որը Հռոմի Պապ Հովհաննես Պողոսը II-ը հիմնել է 1984 թվականին, ինչպես նաեւ Աղքատների համաշխարհային օրը, որը Ֆրանցիսկոս Պապը սկսել է տոնել 2017 թվականից:
Այդ օրերին եկեղեցին անցկացնում է հատուկ միջոցառումներ եւ կրոնական ծառայություններ, որպեսզի սեւեռի մարդկանց ուշադրությունը այդ խմբերի կարիքների նկատմամբ:
84-ամյա Ֆրանցիսկոսը հաճախ է հասարակությանը կոչ անում հոգատար լինել տարեցների ՝ որպես իմաստության եւ փորձի աղբյուրի նկատմամբ:




























