Չինաստանում սմարթֆոնների ամենախոշոր արտադրողներից մեկը՝ Xiaomi ընկերությունը, Կոլումբիա շրջանի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների եւ պաշտպանության նախարարությունների դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«2021 թվականի հունվարի 29-ին ընկերությունը հայց է ներկայացրել Կոլումբիա շրջանի դատարան ընդդեմ Միացյալ Նահանգների պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունների: Ընկերությունը վստահ է, որ իր ներառումը «Չինաստանի կոմունիստական ռազմական ընկերությունների» ցուցակի մեջ ոչ կոռեկտ է եղել եւ ընկերությանը զրկել է պատշաճ իրավական ընթացակարգ անցկացնելու հնարավորությունից: Ձգտելով պաշտպանել աշխարհում օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների եւ բաժնետերերի շահերը՝ ընկերությունը դատարանին խնդրում է որոշումն անօրինական ճանաչել եւ այն չեղարկել»,- նշված է հայցի տեքստում:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ կորպորացիան բաժնետերերին եւ պոտենցիալ ներդրողներին իրազեկելու է գործի հետ կապված փոփոխությունների մասին:

Հունվարի 14-ին Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունն ընդլայնել է չինական այն ընկերությունների ցուցակը, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում եւ Վաշինգտոնի կարծիքով՝ կապված են Չինաստանի ռազմական բնագավառի հետ: Ցուցակում ավելացվել են եւս 9 իրավաբանական անձինք, ներառյալ Xiaomi-ն: Հունվարի 15-ին ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հերքել էր կապը Չինաստանի ռազմական բնագավառի հետ, եւ հավաստիացրել, որ ի պատասխան ԱՄՆ կողմից պատժամիջոցների՝ միջոցներ կձեռնարկի իր բաժնետերերի շահերը պաշտպանելու համար: