Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պատմական իրադարձություն են համարում: Այդ փաստաթղթերի կարեւորությունն այն է, որ դրանք նախատեսում են հայ-թուրքական սահմանի բացում: Այս մասին հաղորդում է թուրքական CNN-Turk հեռուստաալիքը: Այսօր Ցյուրիխում այդ փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունն են դնելու Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Կալինի խոսքով, «եթե արձանագրությունների ստորագրումը, խորհրդարաններում դրանց վավերացումը եւ իրագործումը գնա այնպես, ինչպես նախատեսված է, ապա դա օգուտ կբերի ե՛ւ Թուրքիային ե՛ւ Հայաստանին ե՛ւ ամբողջ տարածաշրջանին»:
Անկարան ավանդաբար, անհրաժեշտ է համարում, որ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը ուղեկցվի ԼՂ խնդրի կարգավորմամբ: Կալինը նշում է, որ «Կովկասյան տարածաշրջանում չի կարելի լուծել մի խնդիր` այն մեկուսացնելով մյուսից»: «Զբաղվելով միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ չմտածելով ԼՂ խնդրում Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ հնարավոր չէ հասնել խաղաղության: Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պետք են միաժամանակյա ջանքեր, որի մասին Թուրքիան խոսել է հենց սկզբից»,- կարծիք է հայտնել Էրդողանի խորհրդականը:
Միաժամանակ, ինչպես նկատում են տեղի դիտորդները, արձանագրությունների տեքստերում բացակայում են ԼՂ խնդրին առնչվող դրույթները: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար Սինան Օգանի կարծիքով, արձանագրությունների ստորագրումն ու իրականացումը դրական կողմերի հետ միասին, իր հետ բերում է նաեւ որոշակի ռիսկեր Թուրքիայի համար: Դրանք վերաբերում են Երեւանի եւ հայկական Սփյուռքի կողմից Թուրքիային ուղղված մեղադրանքներին՝ կապված 1915 թվականին ցեղասպանություն իրականացնելու հետ: Եթե Երեւանը կարողանա հրաժարվել այդ մեղադրանքներից, ապա միջազգային կշիռ ունեցող հայկական Սփյուռքը կարող է մնալ իր կարծիքին: Այս մասին հաղորդում է CNN-Turk-ը:




























