Հայաստանում E.coli աղիքային վարակի դեպքեր չեն գրանցվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
«Նախորդ տարի, այո, վարակ Հայաստանում հայտնաբերվել էր, բայց մահվան դեպքեր չէին գրանցվել։ Ինչ վերաբերում է այս տարվան, ապա հիվանդության հայտնաբերված դեպքեր չունենք»,- հավաստիացրեց նա։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, Եվրոպայում E.coli աղիքայի վարակի պատճառով շուրջ երեք տասնյակ մարդ մահացել է: Հիվանդությունն արձանագրվել է մոտ 2 հազար մարդու մոտ:
Աղիքային ինֆեկցիայի բռնկումը մայիսին սկսվել էր Գերմանիայում։
Սկզբում ենթադրվում էր, որ բակտերիաները ներթափանցել են Իսպանիայից ներկրված վարունգների միջոցով, սակայն այդ փաստը չէր հաստատվել։ Մասնագետներն այժմ կասկածում են Ստորին Սաքսոնիայում գտնվող ֆերմայում աճեցված հատիկիավոր բույսերի վրա։
Գերմանիայում աղիքային ինֆեկցիայից զոհերի թիվը հասել է 26-ի։ Ինֆեկցիան առաջացել է Escherichia coli (աղիքային ցուպիկ) բակտերիայից։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Թբիլիսիում գրանցվել է E.coli-ից մահվան առաջին դեպքը։ 32-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել էր Լոնդոն այցելելուց հետո։




























