Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմայով արտահայտած տեսակետը պետք է համարել իշխանության պաշտոնական տեսակետ։ Հունիսի 10-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Նրա խոսքով, եթե Հայ ազգային կոնգրեսը սպասում է, որ երկխոսության մասին խոսի անձամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նրան հարց ուղղելու պարագայում Սերժ Սարգսյանը գուցե պատասխանի վերջինիս։ «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, տարբեր հարցերի շուրջ ընդդիմության հետ խոսելուն, բայց պարտադիր պայման չենք համարում, որ քննարկումները տեղի ունենան 5 հոգանոց պատվիրակությունների միջեւ։ Հո մենք թշնամի պետություններ չե՞նք, որ միմյանց դեմ պատվիրակություններ ուղարկենք։ Նախագահն ավելի լայնախոհ է, եւ այդ է պատճառը, բանակցելու, երկխոսելու առաջարկ է անում քաղաքական տարբեր ուժերի։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի՝ բացառապես արտահերթ ընտրությունների հարցի շուրջ բանակցելու հայտարարությանը, ապա սա լավ իմիտացիա է, նրանց կողմից քննարկումները փակուղու բերելու միջոց»,- տեսակետ հայտնեց Սահակյանը։

Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ հակառակ տարածված կարծիքի՝ իշխանությունն ընդդիմության հետ հնարավոր բանակցությունները կատակի եւ զավեշտի չի վերածում, եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների՝ համատեղ լուծմանը շատ լուրջ է վերաբերում։

Նշենք, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը անընդունելի էր որակել երկխոսության համար պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու`ՀԱԿ-ի առաջարկը:

Նախագահի մամուլի ծառայությունից տարածված հաղորդագրության մեջ Կարեն Կարապետյանը նշել էր «Թե՛ առաջարկվող ձեւաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին եւ ոչ թե իշխանություն - ընդդիմություն գործակցությանը»։