Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը տարածաշրջանի պետությունների համեմատ ավելի կայացած եւ ժողովրդավար է, ուստի իրավունք ունի որպես դե ֆակտո եւ առանձին միավոր այդպիսին լինել նաեւ դե յուրե: Այս մասին ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ միջազգային հանրության դիրքորոշման մեջ կարծես թե ձեւավորվում է ավելի ըմբռնելի վերաբերմունք»,-հայտարարեց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ երկու հայկական պետությունների խորհրդարաննների համագործակցությունն՝ ի դեմս միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեության, էական ներդրում է ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ միջպետական կապերի զարգացման գործում:
«Վստահ եմ, որ հանձնաժողովի գործունեությունն այսուհետ եւս արդյունավետ ներդրում կլինի համատեղ ծրագրերի իրականացման գործում՝ ի նպաստ երկու պետությունների տնտեսական եւ քաղաքական համագործակցության ուժեղացման եւ քաղաքացիների բարեկեցության»,-հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը:
Նրա խոսքով, միջխորհրդարանական համագործակցությունը կարող է նպաստել նաեւ ԼՂ հարցի միջազգային ճանաչմանը՝ նպաստելով խնդրի հայանպաստ լուծմանը: Աբրահամյանը նշեց նաեւ, որ ՀՀ ԱԺ խորհրդարանականներն իրենց միջազգային հանդիպումների ժամանակ մշտապես արծարծում են ԼՂ խնդիրը, իրենց գործունեությամբ նպաստում խնդրի կարգավորման գործընթացին, քանի որ վստահ են, որ ԼՂՀ-ն վաղ թե ուշ դառնալու է միջազգային իրավունքի ինքնուրույն ճանաչված սուբյեկտ:




























