Հայ ազգային կոնգրեսը ցանկանում է, որ իշխանության հետ երկխոսությունը կայանա անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։
«Սակայն որքան էլ մեծ է ՀԱԿ-ի այդ ցանկությունը, իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում գնալ նմանօրինակ ձեւաչափով բանակցությունների եւ քննարկե արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ Ակնհայտ է, որ քաղաքական կոալիցիան չի ցանկանում հանձնել իշխանությունը։ Իր հերթին միամիտ չէ նաեւ ՀԱԿ-ը. նա մի քանի ճանապարհ ուներ՝ հեղափոխություն, ապստամբություն եւ երկխոսություն, սակայն առաջին երկուսի չստացվելու պարագայում ընդդիմությունն ընտրեց երկխոսության տարբերակը։ Բայց եթե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը մի օր վերածվի միասնության, ինչը չի բացառվում, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը շատ հարցերում նույնն է, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի»,- համոզմունք հայտնեց Արամ Կարապետյանը:
Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին նկատեց, որ ընդդիմության ձեռքը՝ այդ թվում արտախորհրդարանական ընդդիմության, ոչ ոք չի բռնում եւ եթե կարող են՝ թող հեղափոխություն անեն։ «Եթե չեք անում, ուրեմն չեք կարողանում»,- նկատեց նա։
Սրան ի պատասխան՝ ՆԺԿ ղեկավարը հայտարարեց. «Լավ էլ բռնում եք։ Իշխանության կողմից տոտալ ճնշումներ միշտ էլ եղել են։ Մենք ասում ենք, որ 2008-ի մարտի 1-ին հեղափոխության փորձը խեղդեցիք արյան մեջ, իսկ դուք ասում եք, որ հեղափոխության փորձ չի եղել, մենք ձեզ ասում ենք, որ 2004-ին ծեծել եք ժողովրդին, դուք մեզ ասում եք նման բան չի եղել։ Բայց բոլորս ենք լավ հիշում ենք, թե ինչ է եղել, այնպես որ իշխանությունը թող շատ չհանգստանա, քանի որ ամեն ինչ դեռ առջեւում է։ Ուղղակի հեղափոխություն իրականացնելու քաղաքական պահը դեռեւս չկա։ Երբ կգա հարմար պահը եւ մենք հեղափոխություն չենք անի, նոր ասեք, որ չենք կարողանում»,- ամփոփեց Կարապետյանը։




























