Հայկական երկու պետությունները՝ Հայաստանն ու ԼՂՀ-ն կարեւոր պատմական իրադարձության շեմին են՝ սեպտեմբերին նշում են իրենց հռչակման 20-ամյակը: Այս մասին մասին ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանըն ու հավելեց, որ 20-ամյա պետականության կայացման գործում մեծ է եղել երկու երկրների խորհրդարանների դերը:
Նրա խոսքով՝ երկու պետությունների կայացման 20-ամյա պատմության մեջ մեծ ներդրում են ունեցել նաեւ այն պետական մարմինները, որոնց առաքելության արդյունքում ունենք իրավական եւ ժողովրդավարական երկու պետություն եւ միջխորհրդարանական համագործակցության կայացած համակարգ:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով միջխորհրդարանական համագործակցությունը կպահենք պատշաճ մակարդակի վրա, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ գալիք սերունդներին ամբողջովին ազատության արժեքների վրա հիմնված, ապահով եւ անվտանգ հայրենիք փոխանցելու վճռականությամբ»,-հայտարարեց Ղուլյանը: Նա նաեւ նշեց, որ արդեն այս տարվա սեպտեմբերին հարկ կլինի ձեւավորել հարցերի այն շրջանակը, որոնք պետք է դառնան միջխորհրդարանական հանձնաժողովի քննարկման առարկան:
Նշենք, որ նիստն, այնուհետ, անցավ փակ ռեժիմով՝ առանց լրագրողների մասնակցության: Նիստի օրակարգում նախատեսված է ՀՀ ԱԺ պատգամավորների, ինչպես նաեւ ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչների ելույթները: Նիստին ներկա է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:



























