Ստամբուլում հունիսի 9-ին նախատեսված «Յուվալ Ռոն» խմբի համերգը չեղյալ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Today`s Zaman»-ը, իրենց «Մավի Մարմարայի» կամավորներ կոչող ակտիվիստների խումբը բողոք է հայտնել` հայտարարելով, թե համերգը անարգանք է «Մավի Մարմարայի» տորմիղի վրա թուրք-իսրայելական բախումների հետեւանքով զոհված 9 թուրքերի հիշատակին:
«Միջմշակութային երկխոսության պլատֆորմ» (KADİP) կազմակերպությունը հերքել է ակտիվիստների մի շարք մեղադրանքներ` նշելով, որ «Յուվալ Ռոն» -ը ոչ թե իսրայելական, այլ ամերիկյան խումբ է` տարբեր կրոնական պատկանելություն ունեցող ներկայացուցիչներով: Հերքվել է նաեւ այն, թե համերգը կազմակերպվել է Իսրայելի կողմից: Այդուհանդերձ, կազմերպությունը որոշել է չեղյալ համարել համերգը` մտահոգվելով երաժիշտների անվտանգության համար:




























