Արդարադատության նախարարության «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր` հունիսի 10-ին, ազատ է արձակվել թուրքագետ Մուրադ Բոջոլյանը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հիմքով է Մուրադ Բոջոյանը ազատ արձակվել մեկ տարի շուտ, Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը նշեց, որ մինչեւ 2004թ գործող քրեական օրենսգրքով` կալանքի մեջ գտնվող անձի (ում դատավճիշռը դեռ ուժի մեջ չի մտել),1 օրը հաշվվում էր 1, 5 օր, այդ իսկ պատճառով էլ Մուրադ Բոջոյանը ազատ է արձակվել 2011թ հունիսի 10-ին:

Հիշեցնենք, որ Բոջոլյանը ձերբակալվել է 2002թ. հունվարի 26-ին`Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով, եւ ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամանակով (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված): Որպես մեղադրական ապացույցներ Բոջոլյանին ներկայացվել է նրա համագործակցությունը հայտնի թուրք լրագրողների` Մեհմեդ Ալի Բիրանդին` CNN-ի Թուրքիայի թղթակցի, Միդատ Բերեքեթը` թուրքական NTV-ի թղթակիցի հետ:

Դատապարտվելուց հետո Բոջոլյանն իր պատիժը կրել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, սակայն պարբերաբար տեղափոխվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» բուժման համար: Մուրադ Բոջոլյանը ազատազրկման վայրում սրտի ինֆարկտ է տարել:

Մուրադ Բոջոլյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից դասվում էր քաղբանտարկյալների շարքը: