Կազանում տեղի ունենալիք` Հայաստանի  եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, հնարավոր է, արվի համատեղ  հայտարարություն, քանի որ միջնորդ երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ առաջընթաց արձանագրվի: Այս մասին ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համաժողովից հետո  հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով` ԼՂՀ իշխանությունների սպասելիքներն առաջիկա` կազանյան հանդիպումից այնքան էլ լավատեսական չեն, քանի որ Ադրբեջանը շարունակում է գործել ինչպես միշտ` բանակցային գործընթացը նենգափոխելու, հիմնախնդրի կարգավորման մեջ նոր տարրեր մտցնելու եւ ռազմատենչ հայտարարություններ անելու տրամաբանությամբ: 

«Կազանում կարող է լինել ինչ-որ համաձայնություն, բայց նաեւ կարող է լինել փակուղային իրավիճակ: Փակուղու դեպքում քննարկումները կշարունակվեն, աշնանը կլինի քննարկումների նոր փուլ, եւ պետք է օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարքները` ներկայացնելով ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ մեր երկու պետությունների տեսլականը»,-նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը: 

Հարցին, թե  հնարավո՞ր է, որ Կազանի հանդիպմանն ընդառաջ, Ադրբեջանը շփման գծում կրկին սադրանքներ իրականացնի, ԼՂՀ ԱԺ նախագահն արձագանքեց. «Մեր պաշտպանության բանակն ամեն օր եւ ամեն ժամ է պատրաստ դիմակայել այդպիսի սադրանքներին: Բայց կարծում եմ, որ նախորդ ամիսներին եղած սադրանքները եւ մեր համարժեք պատասխանները պետք է դաս լինեն Ադրբեջանի համար»:

Աշոտ Ղուլյանն ասաց նաեւ, որ ԼՂՀ-ն, որպես կողմ, վաղ թե ուշ մասնակցելու է բանակցային գործընթացին: «Երեւի հենց այդ նպատակով է, որ ԼՂՀ նախագահը համանախագաների հետ վերջին հանդիպման ժամանակ արձանագրեց, որ Ղարաբաղի մասնակցությունը գործընթացին մենք տեսնում ենք այդ գործընթացի բոլոր փուլերում»,-ասաց նա: