Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագիրը «Սառը պատերազմի» մնացուկ է եւ Ռուսաստանի դուրս գալուց հետո փաստացի չի գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի` պայմանագրով սահմանված սպառազինությունների չափաքանակները խախտելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքերի մասին հարցին:

Փորձագետը նշեց, որ ԵՍԶՈւ պայմանագրով նոր պետությունների նկատմամբ որեւէ վերահսկողության մեխանիզմ նախատեսված չէ, քանի որ ստորագրվել է 1990թ.,  մի քանի երկրների համար ադապտացվել է  1999 թ-ին, 2007-08 թթ. փաստացի վերակենդանացման շրջանում է: 

Մինասյանի խոսքով` հարցը արագ լուծում չի ստանա, քանի դեռ չի մշակվի սպառազինությունների վերահսկողության կամ սահմանափակման ոլորտում նոր փաստաթուղթ` լինի դա Ռուսաստանի առաջարկած տարբերակը, թե եղածի փոփոխությունները, որն առաջարկվում է արեւմտյան երկրների կողմից:  «Ակնհայտ է, որ նոր փաստաթուղթը պետք է նախատեսի  առավելագույն շեմի ավելի լուրջ մոնիտորինգ, եւ դա առաջին հերթին բխելու է Հայաստանի շահերից», -եզրափակեց փորձագետը: