Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ամենաերկարակյաց պատգամավոր Ֆրեդ Նիլը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հետապնդումը հիմնված է ցեղասպան քաղաքականության վրա, որը 20-րդ դարասկզբին հայերի դեմ կիրառում էր Օսմանյան Թուրքիայի կառավարությունը:
Նիլը, որը վերջերս Սիդնեյում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, խորհրդարանում նկարագրել է մարդկության դեմ գործած այդ հրեշավոր ոճրագործության ահավոր ժառանգությունը:
«Օսմանցի հանցագործներին համապատասխան պատժի չենթարկելու հետեւանքով Ադրբեջանում նրանց թյուրք եղբայրներն ընդօրինակեցին նույն ցեղասպան քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ», – հայտարարել է Ֆրեդ Նիլը:
Պատգամավորը նաեւ ներկայացրել է Ադրբեջանի շարունակվող սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ քաղաքացիական բնակչության դեմ` եզրակացնելով, որ հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է:
«Այսօր երեկոյան Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ես հայտարարում են, որ կողմ եմ ազգերի ինքնորոշման սկզբունքին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը: Ադրբեջանական կառավարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մտադրության մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը կհասնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծմանը: Այդ գործողություններն ու սպառնալիքները ապացուցում են, որ հայերի երկրորդ ցեղասպանության կանխման եւ հաստատուն խաղաղության ապահովման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է երբեք չլինի ադրբեջանական վերահսկողության տակ:
Այլեւս երբեք հայ ժողովուրդը, հայ քրիստոնյաները պետք է չտառապեն ցեղասպանության սպառնալիքից կամ չվերապրեն ցեղասպանությունը որեւէ դրսեւորմամբ: Ես կոչ եմ անում բոլոր ազգերին ինքնորոշման եւ ազատության որոնումներում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին, որպեսզի նրանք ապրեն եւ դավանեն իրենց կրոնը, քրիստոնեական հավատքը», – հայտարարել է պատգամավորը:
Իր ելույթում Նիլը նկարագրել է նաեւ 20-րդ դարասկզբի հույների եւ ասորիների զանգվածային սպանությունները, որոնք ցեղասպանությունը սահմանող օրինակ են եւ ճանապարհ են հարթում Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի համար, որպեսզի ընդունվի այդ պատմական իրողությունը ճանաչող նախագիծ:
Նիլը, որը 1981 թվականից խորհրադարանում ծառայելու համար ստացել է «Պալատի հայր» ոչ պաշտոնական տիտղոսը, ներկա է եղել 1997 թվականի նիստին, երբ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:




























