«Սիսիանի ավագ դպրոցի» տնօրեն Նաիրա Ներսիսյանը արդարացի է համարում իր նկատմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` հունիսի 8-ի հրամանով կիրառված կարգապահական տույժը. նրան խիստ նկատողություն է հայտարարվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նաիրա Ներսիսյանը նշեց, որ նկատողություն է ստացել` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտում թույլ տալու համար:
«Առաջին դասարանի երեխաներին մենք իրավունք չունենք շուտ ընդունելու: 2009-2010 ուսումնական տարում դպրոց եմ ընդունել երեխաների, որոնց չպիտի ընդունեի, քանի որ նրանք ծնվել էին մեկը` հունվարի 2-ին, մյուսը` 8-ին, իսկ դպրոց պետք է ընդունեի մինչեւ դեկտեմբերի 31-ը ծնվածներին: Սխալվել եմ, վրիպում է եղել, ինչի համար ես զղջացել եմ»,-նշեց Ներսիսյանը:
Նշենք, որ տույժը կիրառվել է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը եւ տնօրեն Նաիրա Ներսիսյանի գրավոր բացատրագիրը: Դպրոցի տնօրենը նշեց, որ առաջին անգամ է տույժի ենթարկվել, իսկ մինչ այդ ավանդաբար ստացել է շնորհակալագրեր:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ կրթության պետական տեսչությունը մոտ մեկ ամիս առաջ, անանուն ահազանգի հիման վրա, ուսումնասիրություն էր կատարել «Սիսիանի ավագ դպրոցում»: Ուսումնասիրությունների արդյունքում, սակայն, ոչ մի խախտում չէր հայտնաբերվել:
Նկատենք, որ Նաիրա Ներսիսյանը Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի կինն է: Ժամանակ առաջ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Կարապետյանը հնարավոր է` առաջիկայում պաշտոնանկ արվի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Նա, սակայն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր իր պաշտոնանկության մասին լուրերը: Իսկ Նաիրա Ներսիսյանն այս առթիվ ասաց. «Ես եւ ամուսինս չափազանց շիտակ մարդիկ ենք, դրա համար էլ երեւի էսպես է ստացվում»:




























