«Երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ Հայաստանի եւ Թուրքիայի որոշումը կնպաստի նաեւ նրանց հարաբերությունների ամրապնդմանը պաշտոնական Բրյուսելի հետ», — ըստ «Ազատություն» ռադիոկայանի, շաբաթ օրը Ցյուրիխում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան:

«Մենք սատարում ենք այս գործընթացը, որը շահեկան է բոլորի՝ ե՛ւ Եվրամիության, ե՛ւ գործընթացում ներգրավված երկրների, ե՛ւ ողջ տարածաշրջանի համար», — հայտարարել է Սոլանան ու հավելել. «Այն հանգամանքը, որ ես ներկա եմ գտնվում արձանագրությունների ստորագրման արարողությանը, հուշում է, որ Եվրամիությունը բավարարված է գործընթացով»:

Նա նաեւ ընդգծել է, որ Բրյուսելը շատ գոհ է համաձայնությունից եւ հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարանները արագորեն կվավերացնեն ստորագրվող արձանագրությունները։

«Ես մեծ հույսեր ունեմ, որ վավերացման գործընթացը կիրականացվի շատ արագ, ինչին կհետեւի արձանագրությունների արագ իրագործումը», — ասել է Սոլանան:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն այսօր, Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Դրանք կստորագրեն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: