Ղարաբաղյան հարցում ինքնորոշման սկզբունքը պարտադիր կվերադառնա օրակարգ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Ընդ որում, դա կանի ոչ միայն Ռուսաստանը, որը հետագայում կցանկանա ամրապնդվել տարածաշրջանում, այլ նաեւ Արեւմուտքը»,-պարզաբանեց նա:

Բոստանջյանը նշեց, որ Ռուսաստանը հակված չէ Թուրքիայի հետ ուղիղ շփման, իսկ Էրդողանը, իր հերթին, ձգտում է, որպեսզի ազատվի Ալիեւից, քանի որ վերջինս աջակցել է Ղարաբաղ Ռուսաստանի մուտքին:

«Իրանը դեռ չի ցանկանում կտրուկ վատթարացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ նրանց մոտ բնակվում է բազմամիլիոնանոց ադրբեջանական բնակչություն: Սակայն դա չի նշանակում, որ Թեհրանի դիրքորոշումը չի կարող փոխվել»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական վիճակին, ապա այն, Բոստանջյանի կարծիքով, կարող է կտրուկ փոխվել, քանի որ մարդիկ աստիճանաբար դուրս են գալիս հետպատերազմյա շոկից: