Այսօր Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո արարողության մասնակիցներն ու հյուրերը հանդես կգան երեք րոպեանոց հայտարարությամբ: Ինչպես Ցյուրիխից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանդես կգան Հայաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Շվեյցարիայի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում: «Դա կլինի միայն մեկ քայլ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ճանապարհին: Շատ կարեւոր քայլ, բայց ոչ ճանապարհի վերջը»,- ասել է շվեյցարացի վերլուծաբան Վինսենտ Լանդենը:
Ուշագրավ է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Շվեյցարիայում, որը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ օրենք է ընդունել, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում այն ժխտողների համար: Ավելին, այդ օրենքն արդեն կիրառվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ: Ստացվում է, որ թուրքական պատվիրակության ցանկացած անդամի կողմից հայերի ցեղասպանությունը ժխտելու համար նրա նկատմամբ կկիրառվի օրենքը:
Նշենք նաեւ, որ փաստացի բոլոր երկրները, որոնք ներկայացված կլինեն այսօր Ցյուրիխում, տարբեր տարիների, օրենքի ուժով ընդունել են հայերի ցեղասպանությունը: Այդ ցանկում բացառություն է միայն ԱՄՆ-ը, թեեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր եղած ժամանակ խոստացել է ճանաչել ցեղասպանության իրողությունը եւ բազմիցս օգտագործել է այդ բառը՝ 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս: Իր ժամանակին նման կերպ է վարվել նաեւ Ռոնալդ Ռեյգանը:
Հիշեցնենք, որ ստորագրման արարողությանը ներկա են գտնվելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:




























