Կառավարության երկրորդ մասնաշենքը չի սեփականաշնորհվել եւ չի վաճառվում: Այս մասին հունիսի 10-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի օգնական Արամ Անանյանը: Նա նշեց, որ նման տեղեկությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ:
Հիշեցնենք,որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ իշխանական միջանցքներում վերջին շրջանում այնպիսի լուրեր են շրջանառվում, որ շոկի մեջ են գցում նույնիսկ որոշ իշխանավորների: «Այդպիսիներից է կառավարության երկրորդ մասնաշենքի սեփականաշնորհման հավանականության մասին բոլորովին վերջերս շրջանառության մեջ հայտնված տեղեկությունը: Կառավարության երկրորդ շենքում այսօր գործում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարությունները:
Հոյակապ ճարտարապետությամբ այդ շենքը, ըստ հավաստի տեղեկությունների պետք է դառնա հյուրանոց եւ գրասենյակային համալիր: Ըստ մամուլի, կառավարությունը այդ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ռուսահայ հայտնի գործարարներից մեկի հետ, որը շենքի միջակայքում ահռելի տարածքներ էր գնել ու շենքեր կառուցել դեռ մի քանի տարի առաջ: Կառավարության շենքն ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե»,- գրել էր «Հայկական ժամանակ» թերթը:




























