Հարավային Կորեայի խոշորագույն ավիափոխադրող Korean Air-ը միացել է մյուս ավիաընկերությունների շրջանում լայն տարածում գտած թրենդին՝ սկսելով առաջարկել տոմսեր «դեպի ոչ մի տեղ» կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին, կիրակի հաղորդում է Ռյոնհափ գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը:

Կորոնավիրուսի ֆոնին «դեպի ոչ մի տեղ» ժամանցային եւ ճանաչողական թռիչքների տոմսերը վաճառում են բազմաթիվ երկրների ավիաընկերությունները, ներառյալ՝ Ռուսաստանի, Թայվանի, Սինգապուրի, Բրունեյի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի, եւ այլն:

Korean Air-ը դեռեւս պլանավորել է մեկ թռիչք փետրվարի 27-ին: Ընկերությունը կօգտագործի Airbus А380 ուղեւորատար ինքնաթիռը, իսկ երթուղին կլինի Ինչխոն միջազգային օդանավակայանից եւ դեպի նույն օդանավակայան ուղղությամբ: Ինքնաթիռը կթռնի Ճապոնական ծովի, Փուսանի, Չեջուդո կղզու, Կորեական նեղուցի վրայով:

Գործակալության հաղորդմամբ՝ «զվարճանքներով հարուստ եւ դեպի ոչ մի տեղ թռիչքը» կտեւի երկու ժամ եւ 20 րոպե: Տոմսերը կարժենան 200-630 դոլար՝ կախված սրահի դասից: Ընկերությունը դեռեւս չի որոշել՝ կշարունակի արդյոք վաճառել այդպիսի չվերթների տոմսեր մարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: