Հայաստանյան շուկայում ռուսական արտադրության ավտոմեքենաների պահանջարկը տարեցտարի նվազում է, ինչի հետեւանքով կրճատվում են նաեւ ներմուծման ծավալները։
Չնայած դրան, ռուսական մեքենաների գները շարունակում են բարձրանալ, իսկ արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցները («արտասահմանյան» ասելով՝ նկատի ունենք ոչ ռուսական մեքենաները), ըստ ազգային վիճակագրական ծառայության դիտարկումների, էժանանում են։ Պատճառը, ըստ էության, առաջարկի եւ պահանջարկի խզումն է, որը մեծացավ հատկապես վերջին երկու-երեք տարիներին։
Տնտեսական ճգնաժամի հետեւանքով, ինչպես հայտնի է, շոշափելիորեն նվազեց մեքենաների ներկրումը Հայաստան։ Ընդ որում, կրճատվեց ինչպես արտասահմանյան, այնպես էլ ռուսական մեքենաների ներմուծումը։ Եթե 2008թ. Հայաստան է բերվել ընդհանուր առմամբ գրեթե 42 հազար տրանսպորտային միջոց, ապա արդեն 2009 թվականին՝ 17 հազար։ Ռուսական մեքենաների ներկրումն այդ տարի կրճատվեց գրեթե 3,5-4 անգամ։ 2010թ. մեքենաների ներկրումը մի փոքր ավելացավ, բայց հիմնականում արտասահմանյան տրանսպորտային միջոցների հաշվին։
Այդ միտումները պահպանվում են այս տարվա ընթացքում եւս։ Որոշակիորեն ավելացել է նաեւ ռուսական մեքենաների ներմուծումը։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան է բերվել ընդամենը 247, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 755 մեքենա։
Պատկերացնելու համար, թե անցած երեք տարվա ընթացքում ներքին շուկայում որքան է կրճատվել ռուսական մեքենաների պահանջարկը, նշենք միայն, որ 2008թ. ընթացքում Հայաստան է բերվել գրեթե 8 հազար ռուսական արտադրության տրանսպորտային միջոց։ Իսկ այս տարեսկզբին արձանագրված քիչ թե շատ աճի հարցում էական դեր են կատարել օրենսդրական փոփոխությունները եւ ժամանակավոր ներմուծման ռեժիմի խստացումները։ Մի բան, որ ստիպեց գրանցել նախորդ տարիներին ներմուծված, բայց մաքսային ձեւակերպում չանցկացված ավտոմեքենաները։
Անկախ դրանից, ակնհայտ է, որ վերջին երկու-երեք տարիներին ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է։ Ասենք՝ անցած տարի ավելի քան կրկնակի պակաս նոր տրանսպորտային միջոց է գրանցվել Հայաստանում, քան 2008թ.։ Սա բնականաբար նշանակում է, որ ներքին շուկայում նվազել է դրանց պահանջարկը։ Մի բան, ինչն ուղղակիորեն կապված է բնակչության վճարունակության հետ։
Վիճակագրական ծառայության դիտարկումներով, վերջին մեկ տարվա ընթացքում նոր մակնիշի «Մերսեդես-բենց» ավտոմեքենան էժանացել է գրեթե 340 հազար դրամով։ Ընդ որում, արտասահմանյան մեքենաների գների անկումը վերջին շրջանում սկսել է դանդաղել։
առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ՝ պահանջարկի կրճատման պայմաններում։ Այս հակասությունը իրականում պայմանավորված է նրանով, որ բարձրացել են ռուսական մեքենաների արտադրության գները։ Նաեւ դրանով է պայմանավորված ռուսական մեքենաների պահանջարկի կրճատումը։ Առավել եւս, որ որակական հատկանիշներով դրանք շատ բանով զիջում են արտասահմանյանին։
Ամենաշատը թանկացել է «Նիվան», որի պահանջարկը հայաստանյան շուկայում դեռ պահպանվում է։ Մեկ տարվա ընթացքում այս տիպի նոր մեքենայի գինը, ըստ վիճծառայության դիտարկումների, բարձրացել է ավելի քան 1,4 մլն դրամով։ Եթե անցած տարի այն արժեր 4,1 միլիոն, ապա այս տարի արդեն հասել է շուրջ 5,5 մլն դրամի։ Այլ կերպ ասած, այս մակնիշի նոր մեքենան Հայաստանում կարելի է ձեռք բերել շուրջ 15 հազար դոլարով։
Բարձրացել է նաեւ ռուսական արտադրության մեկ այլ՝ «Ժիգուլի-07» մեքենայի գինը։ Այս դեպքում թանկացումը համեմատաբար փոքր է եղել՝ 400 հազար դրամ։ Հայաստանյան շուկայում նոր «Ժիգուլի-07»-ի գինը, այս տարվա մայիսի դիտարկումներով, եղել է 3 մլն 655 հազար դրամ, ինչը գրեթե համարժեք է 10 հազար դոլարին։



























