Թուրքիան Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին «երաշխիքներ» է առաջարկել` երկիրը լքելու դիմաց, որտեղ արդեն մի քանի ամիս շարունակվում են դաժան բախումները կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով` Քադաֆին «այլ ընտրություն, քան Լիբիան լքելը, չունի: Մենք նրան երաշխիք ենք տվել: Մենք ասել ենք, որ կօգնենք գնալ այնտեղ, որտեղ ցանկանում է»:
Թուրքիայի վարչապետը նաեւ հայտնել է, որ առայժմ Քադաֆիից այս առաջարկության վերաբերյալ պատասխան չունեն:
Նշենք, որ մարտի 17 –ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Լիբիայի տարածքում թռիչքազերծ գոտու ստեղծման որոշում էր կայացրել: Այն ապահովելու, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար արեւմտյան երկրների կոալիցիան մարտի 19-ին Լիբիայում ռազմական գործողություններ սկսեց, որի ղեկավարությունն ամբողջությամբ ստանձնեց ՆԱՏՕ-ն: Ռազմական գործողությունների ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի վերջը:



























