Պերուի 487 պաշտոնատար անձինք, այդ թվում ԱԳ եւ առողջապահության նախկին նախարարները օգտվել են իրենց արտոնյալ դիրքից, որ գաղտնի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կառավարությունը պատվաստանյութը գնել է համավարակի դեմ պայքարող բժիշկների եւ այլ բուժաշխատողների համար: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ֆրանսիսկո Սագաստին, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ պաշտոնատար անձանց անունները կփոխանցվեն դատախազներին, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին անհավասար հասանելիության պատճառով ուժգնացող սկանդալը անհանգստացրել է Պերուի կառավարությանը: «Այս մարդիկ, որոնք մտնում են մեր կառավարության կազմի մեջ, չեն կատարել իրենց պարտքը որպես պետական ծառայողներ»,- ասել է Սագաստին: Նա նշել է, որ անչափ զայրացած էր «շատ պետական պաշտոնյաների դիրքորոշման պատճառով, որոնք օգտվել են իրենց դիրքից»:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող ԱԳ նախարար Էլիզաբետ Աստետեն, առողջապահության նախարար Պիլար Մացետին եւ երկու փոխնախարարներ վերջին օրերին ստիպված էին հրաժարական տալ:





























