Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վիրահատվել է Կուբայում:

Ինչպես նշել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Նիկոլաս Մադուրոն, վիրաբուժական միջամտությունը անհրաժեշտ է եղել կոնքի հատվածում թարախակույտի հեռացման համար: Անհապաղ վիրահատությունը կատարվել է Չավեսի` Կուբա այցելության ժամանակ, հաղորդվել է, որ վիրահատությունը անցել է հաջող:

Վիրահատությունից հետո նախագահը ապաքինվում է Կուբայի հիվանդանոցներից մեկում: Իսկ թե երբ է նա վերադառնալու հայրենիք, չի նշվել: Չավեսը Կուբա է ժամանել հունիսի 8-ին, իսկ վիրահատությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին առավոտյան:

Մամուլի հաղորդագրության մեջ, որը շրջանառվում է Վենեսուելայի լրատվական գործակալությունների կողմից, ասվել է, որ նախագահը իր անկոտրում ցանկությունն է հայտնել աշխատելու հանուն երկրի բարօրության եւ կոչ է անում քաղաքացիներին` շարունակել պայքարը` հանուն համախմբման: