Այսօր` հունիսի 11-ին գիշերը ժամը 02:50-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում 36-ամյա Լեւոն Անտոնյանը, ով աշխատում է «Կարմել» տաքսի ծառայությունում որպես վարորդ, վարելով «Շկոդա Օկտավիա» մակնիշի Տ 14 89  համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի բանուկ մասից եւ բախվել ճանապարհի եզրի բարձունքին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Նույն հիվանդանոց են տեղափոխվել նաեւ ուղեւորներ 21-ամյա Հրայր Խաչատրյանը եւ Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գոռ Դանիելյանը: Վերջինս մահացել է:

Վթարի վայր էին ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության Լոռու մարզի ՃՈ աշխատակիցները Լոռու ՃՈ պետ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Լոռու մարզի տուգանային հրապարակ։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի