ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փետրվարի 19-ից կսկսի միգրանտների որոշ կարգերի համար ԱՄՆ-ում ապաստան տրամադրելու հայտերի մշակումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 19-ից սկսած Միացյալ Նահանգները կսկսի այն անձանց հայտերի մշակումը, որոնք բավարարում են համապատասխան պահանջներին, որպեսզի ԱՄՆ-ում ապաստանի վերաբերյալ նրանց գործերը քննվեն»,- նշված է փաստաթղթում:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները սերտ համագործակցությամբ աշխատելու են Մեքսիկայի կառավարության եւ հասարակական կազմակերպությունների հետ:

Ընդ որում՝ Սպիտակ տունը պոտենցիալ միգրանտներին կոչ է անում ոչ մի ինքնուրույն գործողություն չձեռնարկել եւ չփորձել շտապ կարգով ԱՄՆ գալ: Ամերիկյան իշխանությունները նախատեսում են արագորեն ստեղծել ապաստան տրամադրելու հայտերի վիրտուալ գրանցման համակարգ, «որին հասանելիություն կարելի է ստանալ ցանկացած վայրից»: