Պարզվում է, ՀՀ ԱԺ-ն լուծարելու իրավական հիմք ոչ թե չկա, այլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է որոշել խորհրդարանը ցրելու սահմանադրական հիմքը «ջրել», այն հայտարարելով «մարված կամ միգուցե բացթողնված»: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Թովմասյանից հետաքրքրվել է, թե արդյոք վերջին մեկ տարում չի՞ եղել դեպք, երբ ԱԺ-ն կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենքի նախագիծը մեկ նստաշրջանի ընթացքում չի քննարկել, ինչը, ըստ ՀՀ Սահամանդրաւթյան 74.1 հոդվածի, հիմք է խորհրդարանը լուծարելու համար: «Ես նման դեպք չգիտեմ»,-պատասխանել է Թովմասյանը: Լրագրողը հիշեցրել է աղբահանության սակագինը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ճակատագիրը, երբ անհետաձգելի ճանաչված փաթեթը աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն այդպես էլ չքննարկեց: Թովմասյանն ասել է. «Եթե հինգ տարի առաջ նման դեպք է եղել, դա չի նշանակում, որ ԱԺ-ն կարող է լուծարվել: Այդ դեպքին անմիջապես պետք է հաջորդեր լուծարման գործընթացը»: «Մինչդեռ ԱԺ լուծարելու հիմքի կիրառումը Սահմանադրությամբ որեւէ կերպ սահմանափակված չէ եւ կիրառելի է տվյալ խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում»,-նկատում է թերթը: