Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին իր նստավայրում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ում ուղեկցել է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:
Հանդիպման ժամանակ կողմերը նշել են հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ մշակութային երկխոսության, սերտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նաեւ ընդգծվել է, որ Գարեգին Բ-ի Վրաստան այցելությունը էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները: Վրաստանի նախագահը Հայոց կաթողիկոսին ցույց է տվել նախագահական նստավայրը, այնուհետեւ հյուրի պատվին ելույթ է ունեցել «Սուխիշվիլի» համույթը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Նշենք, որ Գարեգին Բ-ն Վրաստանում է գտնվում երկօրյա այցով, որի ընթացքում նախատեսում է հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր քննարկել: Գարեգին Բ-ն կայցելի նաեւ Ջավախք եւ կհանդիպի տեղի հայերին:
Նշենք նաեւ, որ Գարեգին Բ-ի Վրաստան այցելությունը նախատեսված էր դեռ նախորդ տարվա գարնանը, սակայն բազմաթիվ անգամ հետաձգվել է: Ի դեպ, վերջին անգամ Ջավախք այցելած կաթողիկոսը եղել է Խրիմյան Հայրիկը, իսկ Թբիլիսի Գարեգին Բ-ն եղել է նաեւ 2000 թվականին:




























