Երեւանում հունիսի 15-ին կնշվի Հայաստանի պետական խորհրդանշանների օրը։
Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն միջոցառումներ: Տոնակատարության առանցքային մասը տոնական քայլերթն է, որը կմեկնարկի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից։
Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան եւ Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ։
«ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին։
ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։




























