Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական կապերն «ավելի շատ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական օրաթերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալչըն:
«Կուլիսային շփումներ կան անգամ երկու երկրների ուժային կառույցների միջեւ», - պնդել է Նալչըն:
Անդրադառնալով հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին եւ այն իրողությանը, որ կրկին որեւէ հայ թեկնածու այդպես էլ չառաջադրվեց` Նալչըն նշել է. «Այդ միակ հայ պատգամավորի վրա պատասխանատվության եւ համարձակության շատ մեծ բեռ է դրված լինելու: Այդ մարդը պետք է կարողանա հայերեն խոսել, քանի որ 549 թուրք պատգամավոր նրան հաստատ հարցնելու են` խոսո՞ւմ է հայերեն, թե` ոչ: Այդ մարդը պետք է շատ լավ իմանա հայոց պատմությունն ու այն ամենը, ինչը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Եթե այդ 549 պատգամավորից անգամ մեկը նրան հարցնի` [խորհրդարանում] ասելո՞ւ ես ցեղասպանություն բառը, թե` ոչ, եւ պատասխան չստանա` վերջ: Նրա հայ լինել կամ չլինել արդեն կարեւոր չի լինի»:




























