Իտալիայում Ջենովայի արվարձաններից մեկի՝ Կամոլիայի գերեզմանատան մի մասը սահքի պատճառով հայտնվել է ծովի մեջ, հայտնում է հրշեջ ծառայությունը, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ջրի մեջ են ընկել հանգուցյալներով ավելի քան 200 դագաղներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ հրշեջների լուսանկարների՝ ջրի մակերեւույթի եւ քարափի եզրի միջեւ բարձրության անկումը 2 տասնյակ մետր է: Նշվում է, որ փլուզումը կարող էր պայմանավորված լինել բնահողի էրոզիայով, որը վերջին տարիներին խորացրել են ուժեղ մակընթացային ալիքները:

la Stampa պարբերականը փոխանցում է, որ սահքի ժամանակ հաջողել են փրկվել գերեզմանատանը եղած մի խումբ բանվորներ: Բացի թաղման վայրերից, բնահողի զանգվածի տեղաշարժման հետեւանքով տուժել է 2 մատուռ:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի օրվա երկրորդ կեսին: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկանության եւ առափնյա պահպանության աշխատակիցներ: Նրանք տեղադրել են ստորջրյա պատնեշներ, որ թույլ չտան դագաղների ափից հեռանալը, եւ սկսել են դրանք բարձրացնել գերեզմանատան տարածք: