Ադրբեջանի նախագահ Ալիհամ Ալիեւը հունիսի 12-ի երեկոյան զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ շնորհավորել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վստահ հաղթանակի համար, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Իլհամ Ալիեւը նշել է, որ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան մեծ եւ հաջող ճանապարհ է անցել եւ որ այդ հաղթանակը Թուրքիայի ժողովրդի կողմից «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նկատմամբ վստահության արտահայտությունն է:
Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին` անկեղծ շնորհավորանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ալիեւը Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան իր համար հարմար ժամանակ: Հրավերը սիրով ընդունվել է, նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայում հունիս 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթանակ է տարել եւ նոր խորհրդարան կմտնի 326 պատգամավորով, նախորդ 341-ի փոխարեն:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը նոր խորհրդարանում կներկայացնի 135 պատգամավոր նախորդ 112 պատգամավորի փոխարեն:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը եւս ավելի պակաս պատգամավորների քանակով ներկայացված կլինի խորհրդարանում` 54 պատգամավոր, նախորդ 71-ի փոխարեն:
Այս ընտրություններում միակ լուրջ հաղթանակը ձեռք են բերել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից ներկայացված անկախ թեկնածուները: Նրանք նախորդ խորհրդարանում ներկայացված էին 22 պատգամավորով, իսկ նոր խորհրդարանում նրանց թիվը կհասնի 36-ի:
Նախնական տվյալներով` ընտրությունների արդյունքները տոկոսային կտրվածքով հետեւյալն են. «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն`50, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն`26, «Ազգայնական շարժում» կուսակցություն`13 տոկոս:
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն ընտրությանը մասնակցել է անկախ թեկնածուներով, քանի որ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, իսկ քրդական կուսակցության վարկանիշը 5-7 տոկոս է:
Այսպիսով` Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանը կրկին հյուրընկալում է 4 կուսակցության:


























