Նավթի գնանշումները հինգշաբթի աճում են վառելիքի պահանջարկի ավելացման սպասումների ֆոնին, որոնք երկրորդ պլան են մղել տվյալներն ԱՄՆ նավթի պաշարների անսպասելի աճի վերաբերյալ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 0.15 դոլարով (0.22 տոկոս)` մեկ բարելի դիմաց կազմելով 67.19 դոլարով: Չորեքշաբթի Brent-ը թանկացել է 1.67 դոլարով (2.6 տոկոս), ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի հունվարի սկզբից ի վեր:
Այս պահին Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն ընկել է 0.04 դոլարով (0.06 տոկոս)` մեկ բարելի դիմաց կազմելով 63.26 դոլար: Նախորդ աճուրդային նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել էր 1.55 դոլարով (2.5 տոկոս)` մեկ բարելի դիմաց կազմելով 63.22 դոլար: Dow Jones Market Data-ի տվյալներով` դա աճուրդների փակման պահին ամենաբարձր գինն էր անցյալ տարվա հունվարի 6-ից ի վեր:
Չորեքշաբթի ամերիկյան էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ նախորդ շաբաթ երկրում նավթի պաշարներն աճել են 1.28 միլիոն բարելով: Bloomberg-ի կողմից հարցված փորձագետները նավթի պաշարների 6.5 միլիոն բարելով կրճատում էին ակնկալում: S&P Global Platts-ի կողմից հարցված վերլուծաբանները դրանց` 4.8 միլիոն բարելով կրճատում էին ակնկալում: «Նավթի վերամշակման ծավալները նվազել են օրական 2.6 միլիոն բարելով, ընդ որում, այս անկման 90 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ ափին Մեքսիկական ծոցում ձնաբքի պատճառով,- ասել է MarketWatch-ին ասել է ClipperData-ի վերլուծաբան Մեթ Սմիթը:- Նավթի վերամշակման այս անկումը գերազանցել է նավթի արդյունահանման անկումը, որը շաբաթական միջինում 1.1 միլիոն բարել էր կազմում»:
Շուկան, ընդհանուր առմամբ, անտեսել է բացասական տվյալները` շարունակելով կենտրոնանալ դրական կանխատեսումների վրա, որոնք կապված են COVID-19-ով վարակման դեպքերի թվի աճի նվազման հետ, գրում է S&P Global Platts-ը:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալները «չկարողացան լավատեսություն փոխանցել շուկային այն հարցում, որ պատվաստանյութերի հասանելիության բարձրացումը սահմանափակումների թուլացման եւ պահանջարկի մեծացման է հանգեցնում ԱՄՆ-ում»,- նշում են ANZ-ի վերլուծաբանները:
«Հնդկաստանում ճանապարհորդությունների ավելացումը թույլ տվեց պահանջարկին վերադառնալ նախահամավարակային մակարդակներին, Չինաստանում սպառումը նույնպես զգալիորեն վերականգնվեց»,- հավելել են նրանք:
Իրավիճակը բարելավվում է Եվրոպայում, որտեղ, S&P Global Platts Analytics-ի կանխատեսմամբ, փետրվարին բենզինի պահանջարկը հունվարի համեմատ կաճի 60 հազար բարելով: Շարժունակության ինդեքսները տարածաշրջանի հինգ խոշոր տնտեսություններում (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ըստ Google-ի տվյալների, բարելավվում են: Այժմ դրանք միջինում 377 տոկոսով ցածր են նախաճգնաժամային մակարդակից, իսկ մեկ շաբաթ առաջ այդ հետ մնալը 40.4 տոկոս էր կազմում:





























