Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել։ Ներկայացնում ենք «Գրուզիա online»-ի կողմից  հրապարակված փաստաթղթի տեքստն ամբողջությամբ.

«Մենք Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդներս, 2011 թվականի հունիսի 11-ին Թբիլիսի քաղաքում քրիստոնեական սիրով փոխըմբռնման եւ համագործակցության համաձայնագիր ենք կնքել եւ հայտարարում ենք հետեւյալը.

Հայաստանը եւ Վրաստանը հնագույն  մշակույթ եւ պատմություն ունեցող երկրներ են, որտեղ առաքյալները քրիստոնեություն քարոզել են առաջին դարում։

Մեր ժողովուրդները հազարամյակների ընթացքում պայքարել են գոյության եւ ինքնության պահպանման համար, եւ այդ պայքարում մենք հաճախ ենք կողք կողքի կանգնել:

Բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները շարունակվում են մինչ օրս, ինչի վկայություն կարելի է համարել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ նրան ուղեկցող անձանց այցը Վրաստան։

Այս այցը ցույց տվեց, որ մեր միջեւ փոխհարաբերությունները ավելի են զարգանում եւ նոր փուլ թեւակոխում, ինչը ենթադրում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանում Վրաց ուղղափառ եկեղեցու իրավաբանական կարգավիճակի հավասարաչափ սահմանում, ինչպես նաեւ պարիտետային սկզբունքների հիման վրա Վրաստանում հայկական, իսկ Հայաստանում վրացական եկեղեցիների բացում։

Վերոնշյալ որոշումները լուծելու նպատակով պիտանի ենք համարում.

-ստեղծել երկկողմ միջեկեղեցական հանձնաժողով

-հայկական եւ վրացական իշխանություններին խնդրել աջակցել այս հռչակագրրի՝ ժամկետներում կատարմանը»:

Նշենք, որ Գարեգին Բ-ն հովվապետական այցով գտնվում է Վրաստանում։