Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հայտարարությունը, թե Հայ առաքելական եկեղեցին կարող է Վրաստանում հավակնել այն կարգավիճակին, ինչպիսին կտրվի վրացական եկեղեցուն Հայաստանում, մտահոգություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նա սխալ է համարել Վրաստանում հայերի կրոնական խնդիրները Հայաստանում վրացիների կրոնական խնդիրների հետ համեմատելը: «Հայաստանում գրեթե բացակայում է վրացիների խնդիրների կրոնական ասպեկտը, առաջին հերթին վրացական համայնքի փոքրաթիվ լինելու պատճառով, նաեւ Հայաստանում չկան վրացական եկեղեցիներ: Հայաստանի տարածքում կան քաղկեդոնական եկեղեցիներ, որոնք Վրաստանը համառորեն փորձում է յուրացնել»,- պարզաբանել է պատգամավորը:

Նա նաեւ նշել է, թե Հայաստանում ընդհանրապես խնդիրներ չկան կրոնական հոսանքների գրանցման հետ, քանի որ դա նախատեսված է օրենքով: «Հնարավոր է, եթե Վրաց եկեղեցին խնդրի Հայաստանին գրանցման համար, դա կարվի, բայց փաստն այն է, որ Վրաստանն ընդհանրապես չի խնդրել»,- նկատել է պատգամավորը` հավելելով, որ Վրաստանում բոլորովին այլ իրավիճակ է. «Վրաստանում բացի վրաց եկեղեցուց գրանցված չէ որեւէ այլ եկեղեցի եւ դա մեծ խնդիր է»: