«Մեկը մյուսին չի հակասում»: Այդպես է մեկնաբանել Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի զուգահեռ համագործակցությունը:
Նշելով երկու ռազմաքաղաքական դաշինքների աշխատանքների համընկնումը` դեսպանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, զինված ուժերի շինարարարությանն ու կառավարմանը:
Ըստ դեսպանի, բարդ կլինի պատկերացնել Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ ՀԱՊԿ-ին, բայց Հայաստանը, «որքան հայտնի է, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին»: Դաշինքն, իր հերթին պայմաններ չի թելադրում Երեւանին:
Դեսպանը նաեւ նկատել է, որ եթե Հայաստանին հետաքրքիր է Լիտվայի ռազմական փորձը, Վիլնյուսը պատրաստ է ներկայացնել այն հայկական կողմին:
Ներկայացնելով Լիտվայի փորձը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու եւ անդամակցության հարցում` Գեդրյուս Ապուոկասը կարծիք է հայտնել, որ Դաշինքը պետք է «իր դռները բաց պահի» եւ որոշակի չափորոշիչների համապատասխանելու դեպքում ընդունի նոր անդամների:




























