Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող օրենսդրությունն ամենալիբերալներից է ողջ եվրասիական տարածաշրջանում; Այսօր` հունիսի 14-ին նման հայտարարություն արեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` ելույթ ունենալով Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) Երեւանում կայացած նիստին: Մասնավորապես` ՀՀ կառավարությունը որոշել է չլիցենզավորել ավտոմոբիլային բեռնատար փոխադրումները:

Բացի այդ` տրանսպորտի եւ կապի նախարարին կից գործում է Խորհուրդ, որտեղ ներկայացված են բոլոր հիմնական բեռնափոխադրողները:

Ըստ Մ. Վարդանյանի` օտարերկրյա փոխադրողների համար նույնպես նախատեսված են պարզեցված ընթացակարգեր: Օտարերկրյա բեռնատարներից Հայաստան մուտք գործելու եւ տարանցման համար հատուկ թույլտվություններ չեն պահանջվում: Հայաստանի սահմանի վրա օտարերկրյա քաղաքացիների համար գործում է մուտքի վիզաների տրամադրման պարզեցված համակարգ:

Ավտոտրանսպորտի միջազգային միության գլխավոր քարտուղար Մարտին  Մարմիի խոսքով` ցանկացած երկիր բաց է դառնում առեւտրի համար այն դեպքում, երբ խթանում է ավտոմոբիլային փոխադրումները: Մեր տարածաշրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոխադրման ժամանակի 40 տոկոսը կորչում է սահմանի վրա, իսկ ծախսերի 30 տոկոսը այսպես կոչված չարտոնված վճարումներն են ճանապարհների տարբեր հատվածներում: Նա խոստացավ սահմանների 2 կողմերում էլ իրականացնել նույն օժանդակող ընթացակարգերը` խթանելով երկկողմ եւ բազմակողմ առեւտուրը: «Մեր նպատակն է այս տարածաշրջանում ներդնել նույն ընթացակարգերը, ինչ որ հաջողությամբ կիրառել ենք մյուս երկրներում»,-ասաց Մ. Մարմին: