Լոնդոնից Մանչեսթեր ուղեւորվող արագընթաց գնացքի տանիքից իջնել չցանկացող կատուն ստիպել է գնացքը հանել շահագործումից եւ հետաձգել է շարժակազմի մեկնումը, հայտնում է Guardian-ը:

Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Լոնդոնի կենտրոնում Յուսթոն երկաթուղային կայարանում: Մանչեսթեր ուղեւորվելուց շուրջ կես ժամ առաջ կայարանի աշխատակիցները նկատել են գնացքի տանիքին բարձր լարման հաղորդալարին վտանգավոր մոտ նստած կատվին, ընդ որում՝ կենդանին հրաժարվում էր տեղից շարժվել:

Ստիպված էին գնացքը շահագործումից հանել, ուղեւորներին տեղափոխել լրացուցիչ շարժակազմ, ինչի հետեւանքով մեկնումը մի փոքր հետաձգվել է:

Կայարանի աշխատակիցներին հաջողվել է կենդանուն իջեցնել միայն 2,5 ժամ հետո: Նրանց խոսքով՝ կատուն հանդարտ տեսք ուներ: Մինչեւ հիմա պարզ չէ, թե նա ինչպես է հայտնվել շարժակազմի տանիքին:

«Մենք սովորաբար ստիպված ենք լինում գործ ունենալ թռչունների հետ, բայց աշխատելու ամբողջ ընթացքում սա առաջին կատուն է»,- ասել է կայարանի մենեջեր Ջո Հենդրին: «Բարեբախտաբար, հետաքրքրասիրությունն այս կատվին չէր սպանել, մենք ուրախ ենք, որ նա իր 9 կյանքերից մեկը չի կորցրել»,- հավելել է նա: