Գարեգին Բ-ի այցը Վրաստան եւ Ջավախք կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 14-ին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցրի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա «պարզամիտ» որակեց վրացական իշխանությունների` վրաց եւ հայկական եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկը, ինչի մասին նշված է Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները համատեղ հռչակագրում:
Ըստ Մանոյանի` այսպիսով հարեւան երկիրն իրեն նեղ վիճակի մեջ է դրել, քանի որ Վրաստանը չունի հոգեւոր կառույցներ Հայաստանում:
Մինչդեռ Վրաստանում առկա է հայ հագեւոր համայնք, որին, ըստ խոստացվածի, Վրաստանը պետք է իրավաբանական կարգավիճակ տա: «Դա հիմնական հարցերից մեկն է, որը պետք է լուծեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը»,-նշեց Մանոյանը:
Ինչ վերաբերում է եկեղեցիների ազգային պատկանելության հարցին, ինչի մասին եւս նշված է հոգեւոր առաջնորդների համատեղ հռչակագրում, ապա այն եւս, ըստ դաշնակցական գործչի, հստակ ձեւակերպում չունի: «Այդ հարցը նրանք ներկայացրել են դավանանքի հիման վրա: Պարզ է, որ հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցին դավանանքով տարբեր են»,-նշեց Մանոյանը: Նա նաեւ նշեց, որ Ջավախքի հայ համայնքը եւս մեծ ակնկալիքներ ունի Գարեգին Բ-ից եւ պետք է սպասել, թե կաթողիկոսը նրանց հուզող խնդիրների վերաբերյալ ինչ քայլերի կդիմի:
Նշենք, որ Գարեգին Բ-ի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել, որում մասնավորապես ասվում է. «Այս այցը ցույց տվեց, որ մեր միջեւ փոխհարաբերությունները ավելի են զարգանում եւ նոր փուլ թեւակոխում, ինչը ենթադրում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանում Վրաց ուղղափառ եկեղեցու իրավաբանական կարգավիճակի հավասարաչափ սահմանում, ինչպես նաեւ պարիտետային սկզբունքների հիման վրա Վրաստանում հայկական, իսկ Հայաստանում վրացական եկեղեցիների բացում»։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն հովվապետական այցով գտնվում է Վրաստանում։



























